Թրամփը հույս է հայտնել, որ կորոնավիրուսից հետո ԱՄՆ-ի վերականգնումը կսկսվի հունիսի 1-ից․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո՝ հունիսի 1-ից կսկսվի ԱՄՆ-ի վերականգնումը, գրում է The Guardian-ը։
«Հույս ունենք, որ հունիսի 1-ից, կամ նախքան այդ, մենք կբռնենք վերականգնման ուղին»,- հայտարարել Է Թրամփը կիրակի Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։
«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր մեռնել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից:
«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել է Թրամփը:
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:










