Սթիվեն Քինգն ԱՄՆ իշխանություններին քննադատել է կորոնավիրուսի համավարակին «անլուրջ» վերաբերվելու համար

10:23 • 30.03.20

Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թե ինչու երկրի իշխանությունները չէին կանխատեսել համավարակը և դրա համար որևէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել, գրում է The Guardian պարբերականը։  

«Երկար ժամանակ է, ինչ սպասվում էր, որ սա տեղի կունենա: «Դիմակայություն» վեպը գրել եմ համավարակի մասին, որն աշխարհի երեսից ոչնչացնում է մարդկության մեծ մասը և, փառք Աստծո, որ սա վարակի վատագույն տեսակը չէ: Դա գրել եմ 1979 թվականին և այդ ժամանակվանից ի վեր լիովին հավանական էր, որ դա իրականություն կդառնար: Փաստը, որ որևէ մեկը մինչև այժմ դրան պատրաստ չէ, զարմացնում է ինձ»,- նշել է գրողը։

Քինգը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը՝ մատնանշելով համավարակի սկզբում դրան անլուրջ վերաբերմունքը և մինչև այժմ Ֆլորիդայի լողափերը բաց թողնելու որոշումը։ 

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 142 735 մարդ, որից 2488-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 4559 մարդ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 723 279-ի, որից 33 993՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 800 մարդ։