«Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ». Իրանի արտգործնախարարը համավարակի ֆոնին ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչություն է որակել

14:18 • 30.03.20

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ «տնտեսական և բժշկական ահաբեկչություն» է անվանել: Այս մասին նախարարը գրել է «Կոմերսանտ»-ում հրապարակված «Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ» հոդվածում: 

Զարիֆի խոսքով՝ այդ քայլերը երկրում հանգեցնում են հումանիտար ճգնաժամի:

«Իրանի ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հասանելիությունը: Դա հանգեցնում է հումանիտար ճգնաժամի: Բժշկակական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքի պատճառով առևտուր չեն անում Իրանի հետ և նրան չեն վաճառում բժշկական ապրանքներ: ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվում են օրինական առևտրի վրա: Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաների նախապայմանները դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների վաճառքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են առաջացնում Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ու բժշկական ահաբեկչությունը տարբեր ձևեր է ընդունել»,-գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆի խոսքով՝ դա ոչ միայն «ահաբեկչություն է Իրանի նկատմամբ, այլ նաև հանցագործություն մարդկության և միջազգային հանրության դեմ»:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։