Իմ պաշտպանյալի գործողությունները ոստիկանների հանդեպ ինչ դատավճռի կարժանանան, թող արժանանան, այստեղ խոսքը ոչ թե ոստիկանին մի հատ ավել, կամ պակաս հայհոյելու, այլ անձին խոշտանգելու մասին է. պաշտպան
Իրավապաշտպանները հրապարկումներ արեցին այն մասին, որ Մալաթիայում կեսգիշերին արտակարգ դրության պայմաններում ծառայություն իրականացոնղ ոստիկանները քաղաքացուց թերթիկ են պահանջել, միջադեպ է գրանցվել և երիտասարդը խոշտանգվել է: Մարտի 29-ին, ոստիկանությունն իր հերթին տեսանյութ հրապարակեց, որում երևում է, որ բերման ենթարկվող քաղաքացին հարվածել է ոստիկանության ծառայողներին, բերման ենթարկվելու ընթացքում, ինչպես նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում բուժքրոջ ներկայությամբ շարունակում է հայհոյել ոստիկաններին: Քաղաքացուն՝ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս միջադեպի և կողմերի հրապարակումների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է մեղադրյալ Տիգրան Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, նախքան Ոստիկանության տեսանյութի հրապարակումը այլ կարծիքներ կային միջադեպի վերաբերյալ, Դուք տեսել եք տեսանյութը:
- Մոնտաժված է:
- Բայց այնուամենայնիվ, հրապարակված հատվածը, որտեղ երևում է ոստիկանին վիրավորելը, հայհոյելը, ոստիկանության ծառայողին աչքի հատվածում վնասվածք կա հասցրած:
-Ես բազմիցս ասել եմ լրագրողներին. եթե խոսքը հայհոյանքներ հասցնելու մասին է, ուրեմն մենք արդարություն չենք կարող փնտրել: Այստեղ խոսքը ոստիկանին հայհոյելու մասին չէ, այստեղ խոսքը Տիգրան Կարապետյանին խոշտանգելու մասին է: Պետությունը, օրենքը, երբեք թույլ չի տվել ոստիկանին հայհոյելու համար վերցնել ու ծեծել:
- Ես դա չասացի ու երկու փաստ ասացի, Դուք միայն մեկին անդրադարձաք: Ոստիկանի աչքի հատվածում վնասվածք կա, և ինքն էլ ուժով է բերման ենթրակվել, չէ՞ր կարող վնասվածքներ ստանալ:
-Ուրեմն ասեմ, ոստիկանի աչքի տակ երևացող վնասվածքի վերաբերյալ: Մենք ունենք ցուցմունք, ցուցմունքներ, օպերներն ասում են ՝ մենք չհասկացանք ինչպես հանկարծակի Տիգրանի ձեռքը կպավ օպերներից մեկի աչքին, հանկարծակի:
- Դա օպերի ցուցմո՞ւնքն է:
-Այո, որ ոչ դիտավորյալ է, և եթե հանկարծակի է կպել, ՔՕ-ի 316-ի հոդվածով հարուցելու հիմքը որն է:
-Պարոն Հովհաննիսյան, Դուք ասել եք նախորդ հարցազրույցներում, որ երեխային դեղ գնելու համար է ոչ սթափ վիճակում շտապ գնացել դեղատուն: Ոստիակնության տարածած հաղորդագրությունում ասվում է՝ ընկերոջ հետ օղի է օգտագործել: Երեխան էլ է տվյալ պահին, երբ ընկերոջ հետ օղի է օգտագործել, եղել իրենց մոտ:
- Ոստիկանությունը խեղաթյուրում է փաստերը, ոստիկանությունը մոնտաժել է: Բա մեքենայի մեջ, որ իրեն խեղդում էին, բա չի՞ ասում, որ երեխային դեղ գնելու էր գնում: Լավ, այսպես ասեմ՝ նյութը ոչ ամբողջովին է, այլ բան չէինք էլ սպասում:
-Իսկ սթափության աստիճանը որքան է եղել:
-Չունի խմածության աստիճան:
-Ինչպես չունի, այսինքն՝ ոստիկանները չե՞ն ստուգել:
-Չկա, կոնկրետ փորձաքննություն չկա, թե որքան է եղել: Հետո, մենք չենք խոսում այստեղ Տիգրանը հարբած է եղել, թե չի եղել: Խոսքը Տիգրան Կարապետյանին խոշտանգելու մասին է, թե Տիգարն Կարապետյանը մի հատ ավելի է հայհոյանք տվել, թե պակաս, թե գինովցած է եղել, դրան ավելի շատ թող հետո Տիգրանն անդրադառնա ու արձագանքի: Մենք այստեղ ունենք փաստ, որ Տիգրանը խոշտանգվել է, ինքը պնդում է, որ ինքը խոշտանգվել է: Իսկ եթե օբյեկտիվություն են ուզում ապահովել, ապա թող Մալաթիայի ոստիկանության մուտքի տեսախցիկները առգրավեն և հանրության ներկայացնեն:
-Իսկ հաղորդում ներկայացվե՞լ է ՀԾՔ ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
-Այո, Տիգրան Կարապետյանը հաղորդում է ներկայարցել, ինչպես նաև դիմում Մարդու իրավունքների պաշտպանին: Ես ինչ նշում եմ, դա Տիգրան Կարապետյանի անունից եմ նշում, ցուցմունքով արձանագրվածից:
-Իսկ խափանման միջոցն ի՞նչ է ընտրվել և որ դատավորն էր քննում կալանքի միջնորդությունը:
-Գրավ է ընտրվել, Ռոբերտ Պապոյանն էր, 1.5 մլն դրամ է սահմանել գրավի չափը, պետք է վճարվի, բայց նյութական ծանր վիճակում են: Հավելեմ, որ Տիգրանի գործողություններին դատավճռով ինչ գնահատականի կարժանանա, թող արժանանա, նույնը ոստիկանների մասով: Բայց հիմա խոսքը Տիգրանին խոշտանգելու մասին է, չնայած որ ներպետական ատյաններում չենք ունենալու դրական ելք: Մենք իրական վճիռն ունենալու ենք միջազգային ատյաններից:
-Ինչո՞ւ, պարոն Հովհաննիսյան, վստահություն չեն ներշնչում դատարանները Ձեզ, որ մտածում եք ելքը կանխորոշված է:
-Դուք վերջին անգամ երբ եք լսել խոշտանգման դեպք, որ Հայաստանում…
-Բազմաթիվ, վերջերս անգամ ՀՔԾ-ն վերաբացեց տասը և ավելի տարվա վաղեմություն ունեցող խոշտանգման դեպք, և ոստիկանության Ճամբարակի բաժնի պետը կալանավորվեց:
-Թող ես սխալվեմ:
-Իսկ Տիգրան Կարապետյանը ճանաչո՞ւմ էր այդ օպերին, որովհետև տպավորություն էր ստեղծվում տեսանյութից, որ ճանաչում է՝ «հետո կխոսենք», «ծառայություն մեջ ես» և այլն հարցադրումներ ու արտահայտություններ կային:
-Իր ասելով սկզբից չի ճանաչել: Ոստիկանությունը մոնտաժել է:
- Նաև Դուք ասել եք, որ քաղաքացիական հագուստով են եղել ոստիկանները, օպերը կարող է նաև քաղաքացիական հագուստով լինել, այստեղ խնդիրը ո՞րն է:
-Եթե քաղաքացին է թերթիկի մասին հարց տալիս, դա այլ է, իսկ եթե ոստիկան է՝ այլ: Եթե համազգեստով է ինձ մոտեցողը, ես կհասկանամ, որ ոստիկան է և պետք է ենթարկվեմ ոստիկանի օրինական պահանջներին: Իմ ասածն այն է, որ ամեն մեկն իր պատասխանը ստանա:










