Մադրիդում անորոշ ժամանակով սուգ է հայտարարվել՝ կորոնավիրուսից մահացածների հիշատակին. El Español

18:47 • 30.03.20

Իսպանիայի Մադրիդ ինքնավար համայնքում երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով սուգ է հայտարարվում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակին:

Ինչպես փոխանցում է El Español-ը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն: Նշվում է, որ Մադրիդի դրոշը կխոնարհվի պետական հաստատությունների վրա:

Մադրիդի կառավարությունը 12:00-ին (երևանյան 14:00) մեկ րոպե լռությամբ հարգել է Covid-19-ի հետևանքով Մադրիդում և ողջ Իսպանիայում մահացածների հիշատակը:

Բացի այդ, երկուշաբթի օրվանից սկսած Թագավորական փոստային բաժանմունքի և Մադրիդի շրջանային կառավարության շենքերի պատշգամբից կշնչի Սեմյուել Բարբերի «Ադաջիո լարայինների համար» ստեղծագործությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7340-ի, ակտիվ վարակակիր է 61 075 մարդ: Մադրիդում մահացածների թիվը գերազանցել է 3000-ը: