Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքի ունեցած բժշկական միջոցները կբավականացնեն մեկ շաբաթ․ Նյու Յորքի քաղաքապետ. CNN

11:46 • 30.03.20

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական միջոցների պաշարը մեկ շաբաթ կբավականացնի, հայտնում է CNN լրատվականը։

«Այսօրվանից սկսած՝ մենք մեկ շաբաթվա բավականաչափ պահուստ ունենք՝ բացառությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Շատ շուտով ամենաքիչը մի քանի հարյուր արհեստական շնչառական սարք անհրաժեշտ կլինի»,-հարցազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքապետը։

«Մնացած պարագաները կբավականացնեն մինչև մյուս կիրակի։ Ապրիլի 5-ին բոլոր տեսակի միջոցների կարիք կունենանք, հատկապես արհեստական շնչառական սարքերի»,- նշել է նա։

Ներկայում Նյու Յորքը համարվում է ԱՄՆ-ում համավարակի էպիկենտրոնը։ Քաղաքում հիվանդությունից մահացել է 678 մարդ, հայտնաբերվել է վարակման 32 308 դեպք։ Երկրի իշխնությունները հապշտապ քայլեր են ձեռնարկում համավարակի պիկին պատրաստվելու համար: Ըստ կանխատեսումների՝ պիկը տեղի կունենա երեք շաբաթ անց։

ԱՄՆ-ում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 142 735 է։ Երկրում հիվանդությունից մահացել է 2489 մարդ, ապաքինվել՝ 4562-ը։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 723 279-ի, որից 33 993՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 800 մարդ։