ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ասաց, թե խնդրի վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ այս նախագիծը չի ենթադրում բովանդակային վերահսկողություն, այլ ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ այս կամ այն համարին: Նա նշեց, թե խմբակցությունն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, թե ինքը դեմ կքվեարկի, քանի որ նախագծում շատ են անհստակությունները:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ զանգերը ֆիքսելը, դրանց սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար:










