Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջությունն ամենանից շատն է տուժել. 1-ին եռամսյակում ՀՀ չի այցելել 175,000 զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ (տեսանյութ)

17:56 • 30.03.20

Կորոնավիրուսով պայմանավորված՝ զբոսաշրջության ոլորտը ամենանից առավել տուժածն է: Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելություներն ու դրանց քանակը ձգտում են զրոյի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նա ներկայացրեց, որ աջակցության ծրագրեր կան, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ ծածկել այն կարիքները, որոնք կան ոլորոտում: Դրանցից մեկը վարկավորման աջակցությունն է փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների համար:

Հարցին, թե Զբոսաշրջության կոմիտեն մարտին ինչ կորուստներ է արձանագրել և ինչպես են խնդիրների լուծումները տեսնում, Սաֆարյանը պատասխանեց, որ կորուստները գումարային առումով թվայնացված չեն, բայց բնականաբար կորուստները ակնհակտորեն ահռելի են:

«Եթե հաշվարկենք, թե մեկ զբոսաշրջիկը որքան է ծախսում Հայաստանում, ապա դա կլինի մոտ 175,000×770 ԱՄՆ դոլար։ Դա բավականին զգալի կորուստ է զբոսաշրջային ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը ամենաակտիվը չէ։ Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է ավելի վատ լինել, քանի որ փակ են սահմանները, թռիչքները դադարեցված են, հետևաբար՝ զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու։ Դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որը Հայաստանն ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- ասաց կոմիտեի նախագահը:

Սուսաննա Սաֆարյանը նկատեց, որ այս պահին շատ ընկերություններ իրենց կոմունալ ծախսերի, աշխատակիցներին վճարների, հարկային պարտավորությունների մասով խնդիրներ ունեն, որի պատճառով լուծարումները հավանական են, թեև այդպիսի դեպքեր չկան:

«Անհրաժեշտ է ոչ թե սպասել արդյունքներին, այլ որոշակի լուծումներ փնտրել»,- ասաց նա և հավելեց, որ ընթացքում կարող են այլ բիզնեսներով զբաղվել, մինչև կկարգավորվի զբոսաշրջության ոլորտը:

Սաֆարյանը, պատասխանելով այն հարցին, թե հյուրանոցների անվտանգության ապահովման մասին կարծես թե չի հիշատակվում ոչ մի տեղ՝ ասաց, որ հենց առաջին օրվանից են այդ հարցով զբաղվել և բոլոր հյուրանոցները հստակ ցուցումներ են ստացել:
«Այս պահին կարող ենք ասել, որ ՀՀ-ում գրեթե զբոսաշրջիկներ չկան, և հետևաբար հյուրանոցներում հիմա չկա անհրաժեշտություն քայլեր ձեռնարկելու: Այն հյուրանոցներում, որտեղ Առողջապահության նախարարությունն է աշխատում, կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Այս պահին որևէ խնդիր չունենք»,- նշեց նա:

Սուսաննա Սաֆարյանը ներկայացրեց, որ այն հյուրանոցները որոնք աշխատում են Առողջապահության նախարարության հետ, պարբերաբար ախտահանվում են, և հետագայում ոչ մի զբոսաշրջիկի համար ռիսկ չկա: Նա նաև նշեց, որ այս ընթացքում հյուրանոցների հետ աշխատանքները փոխշահավետ են:

Մանրամասները՝ տեսանյութում: