Ուկրաինուհին համագյուղացիներից ծնկաչոք ներողություն է խնդրել կորոնավիրուսը տարածելու համար (տեսանյութ)

09:29 • 30.03.20

Արևմտյան Ուկրաինայի Կոլենկովցի գյուղի բնակչուհին տեսաուղերձ է հղել իր համագյուղացիներին` ներողություն խնդրելով նրանցից կորոնավիրուսը տարածելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կինը համավարակի թեժ պահին վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել: Նա ակտիվորեն մասնակցել էր հանրային միջոցառումների և բողոքի ակցիաների: Դրա հետևանքով կորոնավիրուսով են վարակվել նրա երեխաներն ու թոռները, գյուղապետը, 14 համագյուղացիներ նույնպես գտնվում են հիվանդանոցում:

«Ես լսում եմ, որ դուք ցանկանում եք վառել իմ տունը, ֆիզիկապես վերացնել իմ երեխաներին, իմ թոռներին: Ես այսօր եկել եմ, ես բուժվել եմ, բուժվել են իմ երեխաները, մի սպանեք նրանց: Եթե ուզում եք, ինձ սպանեք, եթե դրանից ինչ որ բան կփոխվի: Ես ձեզնից ներողություն եմ խնդրում»,-ծնկաչոք հայտարարել է կինը:

Կնոջ խոսքով՝ նա ընտանիքի հետ չի կարողանում ոչ մի տեղ դուրս գալ, նրանց մթերքը վերջանում է, ուտում են վերջին մակարոնները: Ուկրաինուհին խոստացել է այլևս երբեք չգնալ Իտալիա:

Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 475 դեպք, 10 մարդ մահացել է, 6-ը` առողջացել:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։