Ռուսաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակներից կորոնավիրուսի թեստ են վերցրել և չափել նրանց մարմնի ջերմաստիճանը
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի՝ մարտի 29-ի երեկոյան եթերն անսովոր իրավիճակում է անցել կորոնավիրուսի պատճառով. 30 տարվա մեջ առաջին անգամ սրահում խաղը դիտող գիտակներ չեն եղել, այնտեղ էին գտնվում միայն խաղացող թիմը, բժիշկը, խաղավարը, խաղավարի օգնականները և հեռուստադիտողների ու գիտակների շահերի պաշտպանները: Այս մասին գրում է lenta.ru կայքը:
Խաղին մասնակցում էր «Ադամանդե բու»-ի մրցանակակիր, խաղի մագիստրոս Անդրեյ Կոզլովի թիմը: Խաղավար Բորիս Կրյուկն ընդգծել է, որ կեսօրին թիմի բոլոր անդամներից և սրահում գտնվող անձանցից կորոնավիրուսի թեստ է վերցվել:
Խաղը սկսելուց առաջ բժիշկը չափել է բոլոր գիտակների մարմնի ջերմաստիճանը:
«Իսկ հիմա չափում ենք ջերմաստիճանը, ամեն դեպքում ապահովագրվելը լավ բան է»,-ասել է Կրյուկը:
Խաղասեղանին գիտակների համար նաև ձեռքերն ախտահանող միջոց է եղել, խաղավարը պարբերաբար խնդրել է գիտակներին օգտվել դրանից:
Թիմի ավագ Կոզլովը պատմել է, որ վերջին անգամ գիտակները դատարկ սրահում խաղացել են 1990 թվականի ընտրական խաղերի ժամանակ: Այն ժամանակ խաղը դեռևս վարում էր խաղի հիմնադիր Վլադիմիր Վորոշիլովը:
Թիմի ավագը հաստատել է նաև, որ թիմի բոլոր անդամների թեստերի արդյունքները բացասական են եղել: Խաղն ավարտվել է 6:3 հաշվով` հօգուտ գիտակների:










