Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում կանգնած բժիշկները պետք է ունենան սոցիալական պաշպանվածության նույն երաշխիքները, ինչ այն զինվորները, որոնք հաշմվում կամ զոհվում են. Ն․ Զոհրաբյան (տեսանյութ)

15:44 • 30.03.20

Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանը մտքերի փոխանակության ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե առաջարկ ունի ներկայացնելու:

Նա նշեց՝ պետք է հասկանալ, որ այսօր բժիշկները ծառայում են առաջնագծում: «Այո, սա պատերազմ է՝ հայտարարված բոլորին, և առաջնագծի մեր զինվորները բժիշկերն են: Իմ կարծիքով՝ նրանք պետք է  ունենան սոցիալական պաշպանվածության նույն երաշխիքները, ինչ հայրենիքին ծառայություններ մատուցած այն զինվորները, որոնք հաշմվում են կամ զոհվում հայրենիքին մատուցած ծառայությունների համար»,-ասաց պատգամավորը:

Զոհրաբյանն առաջարկեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հոդված 29-ի առաջին մասը լրացնել նոր կետով՝ «բուժաշխատողներն իրավունք ունեն արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում ստանալ փոխհատուցում լիազոր պետական մարմնի սահմանված կարգով: «Բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, փրկում են հարյուրավոր և հազարավոր կյանքեր, նրանք ծառայություն են մատուցում հայրենքին, պետությանը, ինչպես առաջնագծում կանգնած զինվրները»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մահացածների դիահերձման արգելմանը՝ պատգամավորը նշեց, թե դիահերձման նպատակը ծառայում է կյանքին: «Պետք է հասկանանք՝ ինչից է մահացել մարդը, որ կարողանանք փրկել կյանքեր»,-նշեց Զոհրաբյանը՝ առաջարկելով առանձնացնել դիահերձարաններ, դիահերձողներին տրամադրել անհրաժեշտ հագուստ և իրականացնել դիահերձում: