Ադրբեջանի նավթային համակարգը նախակոլապսային վիճակում է, սահմանային սադրանքներով Բաքուն կարող է փորձել շեղել հասարակության ուշադրությունը. Արմեն Մանվելյան
Նավթ գնանկումը իսկապես շատ մեծ հարված է Ադրբեջանի տնտեսությանը, և երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը կարող է ստիպել երկրի իշխանություններին հասարակությունում առաջացած դժգոհությունն ուղղել սահման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը կապված լինի նավթի գնանկման հետ:
«Այսօր նավթի գինը` միջինացված 22 դոլար, Ադրբեջանին դնում է բարդ իրավիճակում, քանի որ ադրբեջանական նավթը բավականին թանկ է, իսկ այս երկրի տնտեսությունը կախված է միմիայն նավթի վաճառքից: Ադրբեջանի նավթային համակարգը ներկայումս գտնվում է նախակոլապսային իրավիճակում: Եվս մի քիչ էլ այդպես շարունակվի, ամբողջ տնտեսությունը կփլուզվի: Կգնա՞ այս իրավիճակում սադրանքի: Դա շատ հնարավոր սցենարներից է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում րէ ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
Արմեն Մանվելյանի խոսքով` ինքը միշտ այն կարծիքին է եղել, որ Ապրիլյան պատերազմը հրահրված էր հենց 2016-ի սկզբին նավթի շատ ցածր գներով: «Ադրբեջանի տնտեսությունը սկսել էր քանդվել, և շատ լուրջ խնդիրների առջև էր կանգնում»,- ասաց նա:
Ըստ նրա` սակայն ասել, որ սահմանում հնարավոր սադրանքները կապված են միայն նավթի գների անկման հետ, ևս ճիշտ չէ: Նրա դիտարկմամբ` ինչպես ամբողջ աշխարհում, Ադրբեջանում ևս իրավիճակը ավելի է բարդանում նոր կորոնավիրուսի տարածումով պայմանավորված: «Լայնամասշտաբ պատերազմը, իհարկե, Ադրբեջանի համար էլ է վտանգ: Դա վատագույն սցենարներից մեկն է, որ հայկական կողմն իր աչքի առջև պետք է ունենա»,- ասաց նա:
Արմեն Մանվելյանը հույս հայտնեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբը, Արցախի պաշտպանության բանակն այդ սցենարները հաշվի են առնում: «Ադրբեջանի տնտեսությունը գնալով անկում է ապրում: Պատերազմի սցենարը բացառել չեն կարող»,- ասաց նա:
Անդրադառնալով հայկական դիվանագիտության գործելաոճին, մասավորապես վերջին դիվերսիոն ներթափանցմանը եղած պաշտոնական արձագանքին, որում ԱԳՆ-ն օգտագործել էր «որևէ կերպ չհրահրված» հրադադարի խախտում արտահայտությունը, կարծես նախկինում հրահրվել էր, Արմեն Մանվելյանը տարակուսեց, թե դժվար է ասել` ներկայացվածը փորձի պակասի՞ արդյունք էր:
Փորձագետը նշեց, որ Ադրբեջանը նավթայի գնանկման դեմ պայքարելու մեխանիզմ իր համար մշակել է` պահուստային ֆոնդ ունի, որտեղ եղած գումարի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա: «Դժվար է հասկանալ, թե որքան գումար կա: Բայց մոտավորապես 30-50 միլիարդ դոլար է, որը նրանց հնարավորություն կտա ինչ-որ ժամանակ ներքին իրավիճակը կայուն պահել: Երկարատև կայունության հնարավորություն այն չի տալիս»,- ասաց նա:
Կանխատեսելով ընդհանուր առմամբ նավթային շուկայում առաջիկա սպասելիքները` Արմեն Մանվելյանը նշեց` ամեն ինչ կախված է մի քանի ուղղություններից եկող ազդանշաններից: «Օրինակ` Չինաստանը հայտարարում է, որ հաղթահարել է կորոնավիրուսի տարածումը: Իսկ դա նշանակում է, որ այստեղ տնտեսությունը կսկսի աշխատել: Բայց մյուս կողմից էլ` Չինաստանի արդյունաբերությունն ամբողջությամբ չի կարող աշխատել, քանի որ այն արտահանող պետություն է: Եթե արտահանման բոլոր շուկաներն այսօր մեռած են, ԱՄՆ-ը, Եվրոպան փակել են իրենց սահմանները, արտահանելը շատ դժվար կլինի»,- ասաց նա:
Արմեն Մանվելյանը նաև նշեց, որ երբ Չինաստանը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին, սպասվում էր, որ դրան կարձագանքեր նավթային շուկան, բայց այստեղից արձագանք չեղավ: «Հիմա մի փոքր նավթի գնի բարձրացում է նկատվում, բայց դա ավելի շատ սպեկուլյատիվ խաղ է»,- ասաց նա:
Հաջորդ արձագանքը, որ այս իրավիճակում ցանկալի կլիներ տեսնել, ըստ Արմեն Մանվելյանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի` նավթի ծավալների կրճատման շուրջ համաձայնությունն է: «Դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ, գոնե նավթի գինը կբարձրանար»,- ասաց նա:
Հաջորդ արձագանքը, նրա խոսքով, պետք է գա ԱՄՆ-ից: «Թրամփը հայտարարել է, որ ինքը իր պահուստային պաշարները համալրել է էժան նավթով: Նա նույնպես կարող է ազդել, որ նավթի գինը բարձրանա: Բայց դե իրավիճակի լուծումը մեծապես կախված է կորոնավիրուսի հետ կապված խնդրի լուծումից: Մինչև սահմանները չբացվեն, ավիաթռիչքների գոնե 50 տոկոսը չվերականգնվի, նավթի գնի բարձրացման մասին խոսելը դժվար կլինի»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան










