Եթե սահմանափակումները խախտած և տուգանված քաղաքացիները հույս ունեն, որ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել. հսկողությունն ավելացվելու է, վարույթների քանակը կարող է աճեն. Ավինյան
Եթե մարդիկ հույս ունեն, որ վարչական ակտերի գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել, որովհետև իրականացվելու են վարչական վարույթներ և ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտողների տուգանքի գումարներն այժմ գանձվելո՞ւ են, թե՞ հետաձգվելուն են այս փուլում։
«Այս վարույթները շարունակվելու են, իրականացվելու են ոստիկանության կողմից և վերահսկողությունը նույնպես ավելացվելու է։ Դա նշանակում է, որ այս վարույթների քանակը կարող է աճել»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը, սակայն, նշեց, որ վարչական տուգանքներն ինքնանպատակ չեն, այլ կոչված են մարդկանց տեղաշարժը սահմանափակելուն։
«Մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով, Քրեական օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը։ Այս փուլում շատ կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրապես գիտակցեն, որ իրենց պոտենցիալ տեղաշարժը, որը կենսական նշանակություն չունի, պետք է չեղարկել, բոլոր այդ տիպի տեղաշարժերը պետք է չեղարկվեն»,- ասաց պարետը։
Հարցին, թե տուգանքներից գանձվող գումարներն ինչ նպատակի են ուղղվելու, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ընդհանուր տրամաբանություն է գործում բոլոր տիպի նմանատիպ հավաքագրումներից, դրանք մուտքագրվում են բյուջե։ Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի կարիքները սպասարկելուն՝ առանձնացված գումարը կա, և այդ ուղղությամբ արդեն իսկ մենք բոլոր պաշարները նախատեսել ենք»։










