Եթե Կառավարությունը սահմանափակումներ չձեռնարկեր, ապա մարտի 1-ից հետո Հայաստանի 89 տոկոսը վարակված կլիներ. Տիգրան Ավինյան

17:04 • 31.03.20

Եվս տասն օր երկարաձգելը մեզ հնարավորություն է տալու՝ ամբողջապես աշխատանքներ ծավալել կանխարգելման և մեկուսացման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով խստացված սահմանափակումները երկարաձգելու մասին:

Հարցին, թե ինչ է ենթադրում 10 օրով սահմանափակումները երկարաձգելը, փոխվարչապետը պատասխանեց, որ մարտի կեսերից վիրուսի տարածումը մեծացել է և բոլոր նախատեսված գործողությունները իրական հենք ունեն:

«Եթե Կառավարությունը սահմանափակումներ չձեռնարկեր, ապա մարտի 1-ից հետո ՀՀ-ի 89 տոկոսը վարակված կլիներ, և միայն Երևանում մենք կունենային 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ կանխարգելման գործողություններն արվում են այպես, որ վարակի տարածումը հնարավորինս իջնի՝ հասնելով առնվազն 1-ի: Ըստ պարետի՝ սահմանափակումների միասնական ներգործությունը դրական արդյունք է տալու, և փորձելու են տեխնոլոգիան կիրառելով՝ զարգացնել կանխարգելման գործընթացը:

«Մարդը եթե շփվել է վարակակրի հետ, նա ուզում է օր առաջ իր կարգավիճակը իմանալ: Մեր այս գործիքների կիրառումը և ԱԺ-ում քննարկվող օրենսդրական փաթեթն այս նպատակն ունեն»,-ներկայացրեց նա և հավելեց, որ արդեն ակնհայտ է, որ մարդկանց տեղաշարժը նվազել է և այս կիրակին բացառիկ է եղել մարդկանց տեղաշարժի նվազեցման առումով:

«Մենք հասկանում են, որ այս սահմանափակումներով երկար չենք կարող առաջ գնալ, դրա համար վերցնում ենք այն երկրների օրինակները, որոնք կարողացել տեխնոլոգիաները կիրառելով վարակի շղթաները հայտնաբերել և ջարդել»,- ասաց պարետը:

Ավինյանը չբացառեց, որ տասն օրից հետո հնարավոր է, որ մարտավարությունները փոխվեն, սահմանափակումներն ավելի խստացվելու և վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, նաև ոստիկանական և այլ ուժերի ներառվելու առումով: