Չարենցավան ելումուտն արգելող որոշումը ելք չպետք է լիներ, խնդիրը տեխնիկական է. դա ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր էր․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

17:19 • 31.03.20

Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը ելք չպետք է լիներ, միակ խնդիրը տեխնիկական է եղել։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսինքն, դուրս է եկել որպես կատարման ծրագիր և շատ արագ տեղ է հասել, սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել, և այլ ծրագրերի հետ համատեղ, եղել է մեր համակարգում»,- հայտնեց պարետը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պարետատունը տարբեր իրավիճակների համար ունի մշակած մարտավարություն. «Մենք ունենք տարատեսակ նախապատրաստած պլաններ տարբեր քաղաքների վերաբերյալ և ունենք ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Ամեն օր մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ պարետի հրապարակած այդ որոշմամբ մարտի 31-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 23։59-ը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, պետք է արգելվեր անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման: Կարճ ժամանակ անց Պարետը չեղարկել էր Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը: