Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Наша Ніва

14:03 • 31.03.20

Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը: Վիտեբսկ քաղաքում մահացել է հանրապետության վաստակավոր արտիստ, Յակուբ Կոլասի անվան թատրոնի դերասան Վիկտոր Դաշկևիչը, հաղորդում է Наша Ніва-ն՝ վերջինիս կնոջը հղումով։

Դաշկևիչ ամուսինների մոտ միաժամանակ թոքաբորբ են ախտորոշել, նրանց ուղարկել են հակատուբերկուլյոզային դիսպանսեր, սակայն, կնոջ խոսքով, «այնտեղ լեփ-լեցուն էր», և նրանք «տուն են գնացել»։ Քանի որ հիվանդների վիճակը վատացել է, նրանց կրկին հոսպիտալացրել են, բայց արդեն այլ հիվանդանոց։ Այնտեղ նրանց կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։

Այնուհետև 75-ամյա Դաշկևիչը կրկին վատացել է, նրան տեղափոխել են երրորդ հաստատություն, որտեղ կորոնավիրուսի կրկնակի թեստը դրական պատասխան է ցույց տվել։

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152-ի։