Նման օրենսդրությամբ կառավարությունը կարող է դիմել «Ֆեյսբուք», «Վայբեր», «Վոթսափ» և նման այլ ընկերությունների՝ ստանալու նրանցից տեղեկություններ, թե ու՞մ եք զանգել, ե՞րբ եք զանգել. Գևորգ Գորգիսյան
Զանգերի ֆիքսման նախագիծը, կայքներ փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու. այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Պարոն նախարար, պնդում եք, որ նման սահմանափակումները թույլատրելի են, եթե մենք ընտրում ենք մարդու ազատությունների, կյանքի և առողջության միջև, միգուցե, կարող էի համաձայնել Ձեզ հետ, բայց բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու»,- ասաց պատգամավորը:
Գորգիսյանն ընդգծեց, որ հեռախոսի միջոցով շփման շրջանակը պարզելը որևէ կերպ չի տալու այն մարդկանց ցուցակը, թե ում հետ է մարդը ֆիզիկապես շփվել: «Կառավարությունն ասում է՝ ես չունեմ բավարար միջոցներ, որ մեծ տվյալների հետ աշխատանքը կազմակերպեմ, կարողանամ մարդու ֆիզիկապես գտնվելու վայրը համեմատեմ մյուս երեք մլն քաղաքացիների գտնվելու վայրերի հետ, գտնեմ համըկումներ, մենք չունենք այդ ռեսուրսը, այ դրա համար՝ ուզում եմ հետևել, տեսնեմ, թե ով, ում զանգեց, հետո տեսնեմ՝ նրանք նույն տեղում եղել են, թե չէ: Սա շատ վատ ֆիլտր է»,- ասաց նա:
Ըստ Գորգիսյանի՝ այս նախագիծը համաչափ լուծում չէ ստեղծված խնդրին: «Մենք այս մեխանիզմով չենք կարողանալու կազմակերպել այդ բոլոր շփված քաղաքացիների հայտնաբերումը, այս ամենը ներդնելու համար արդեն ուշ է: Բացի այդ, ունենալով նման օրենսդրություն՝ կառավարությունն այսուհետ կարող է դիմել օրինակ՝ «Ֆեյսբուք», «Վայբեր», «Վոթսափ» և նմանատիպ այլ ընկերություններին, հղում անելով ներքին օրենսդրությանը՝ ստանա այնտեղից համապատասխան տվյալները՝ ու՞մ եք զանգել, ե՞րբ եք զանգել»,- շեշտեց պատգամավորը:
Նա նշեց, որ օրինակ «Ֆեյսբուքն» ըստ իր կանոնադրության՝ տրամարդում է բոլոր կառավարություններին այդ տվյալները, ովքեր կդիմեն և ովքեր ունեն ներքին օրենսդրություն դա ապահովելու համար: «Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, սա կյանքեր փրկելու անվան տակ՝ լուրջ վերահսկողություններ մտցնելու գործիք է դառնալու»,- ասաց նա:










