Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

21:35 • 31.03.20

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատրաստ է ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից: Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է:

Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար:

Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք: Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին»։