Ժամը 17:00 հայտարարելը, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում անհարգալից վերաբերմունք է Հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի նկատմամբ․ Շաքե Իսայան

18:49 • 31.03.20

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստին։ Նա մասնավորապես նշել է՝ քամահրական է այն, որ ժամը 17:00-ին զանգել և հայտարարել են, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում։

Ես ինքս սա դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ։

Ի դեպ հայտարարված օրակարգ ևս գոյություն չունի, բայց ավելի քան վստահ եմ, օրակարգում առավոտյան տապալված նախագիծն է՝ քաղաքացիների անձնական տեղաշարժի և հեռախոսազանգերի վերաբերյալ:

Ինչպես ասում են, խորհրդարանը վերածել «պարապ վախտի խաղալիքի» մարտավարությունը դատապարտված է ձախողման։ Այն ուղղակի հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ինստիտուցիոնալ արժեքներին:

Հ.Գ. Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք ցանկացած քննարկումների, այդ թվում և 24-ժամյա կտրվածքով: Նախորդ արտահերթ նիստերին ևս ընդդիմադիր խմբակցությունները, պատշաճ իրազեկման դեպքում, օպերատիվ ներկայացել են խորհրդարան:

Այս առավոտ ևս ընդդիմությունն իր տեղում էր, այդ իշխող խմբակցության պատգամավորներն էին բացակա: Սակայն իրազեկել ընդդիմադիր խմբակցությունների արտահերթ նիստի մասին արտահերթ նիստին զուգահեռ, ընդունեք, որ խոսում է առնվազն անհարգալից վերաբերմունքի մասին»։