«Սպանել կոնորավիրուսին»․ Կադիրովը հայտնել է համավարակի դեմ պայքարի մարտավարության մասին. «Ռիա Նովոստի»
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ չեչեններն աջակցում են կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին, որոնք իրականացվում են «Սպանել կոնորավիրուսին» կարգախոսով, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Կադիրովը նշել է, որ վարչական սահմանները փակելու և քաղաքացիների՝ փողոց դուրս գալու սահմանափակումների մասին որոշումները ճիշտ ժամանակին են կայացվել։
«Մենք նպատակ ենք դրել կտրել վիրուսի տարածման շղթան և վստահորեն շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մեր կարգախոսն է՝ «Սպանել կորոնավիրուսին» և գիտենք՝ ինչպես անել դա»,- նշել է նա։
Կադիրովը նաև ընդգծել է, որ հանրապետությունում սննդի բավականաչափ պաշար կա, գները չեն բարձրացել, իսկ խանութները սովորական ռեժիմով են աշխատում։ Նա նաև հավելել է, որ Չեչնիայում փակվել են սպորտային համալիրները, ռեստորանները, սրճարանները, զվարճանքի կենտրոնները, գեղեցկության սրահները։
Չեչնիայում իշխանությունները կարանտինային միջոցառումներն էլ ավելի են խստացրել մարտի 28-ից սկսած։










