Երեկ նիստին չեմ եղել, չգիտեի, որ արտահերթ կա, սոցցանցերում քննարկումը տեսել ու վախեցել էի, ասում էի՝ չգնամ կողմ քվեարկեմ, խայտառակ կլինեմ, բայց հիմա մտափոխվել եմ. Սասուն Միքայելյան
Երկրում համաճարակ է, ոչ մի խոշոր պետություն էլ չի կարողացել դրա բուժման ձևը գտնել, ընդամենը հետևողական քայլեր պետք է արվեն, որ կարողանանք խուսափել դրանից: ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այդքան էլ ուշքս չի գնում մեր Առողջապահության նախարարի համար, բայց նախարարության աշխատակիցներն անում են ամեն ինչ: Գաղտնալսման հետ կապված՝ ասեմ՝ ժողովուրդ ջան, մենք երկու-երեք ամիս առաջ օրենք ընդունեցինք, որ Ոստիկանությունն էլ կարող է գաղտնալսել իշխանությանը. ի՞նչ պրոբլեմ կա գաղտնալսելու, տարրական բաներ կան, որ չպետք է ուռճացնել, այստեղ յուրաքանչյուրիս կարող են գաղտնալսել, պետք չէ մեծ տրագեդիա սարքել, թե աշխարհի վերջն է, սենց ո՞նց կլինի, իշխանությունն ի՞նչ է անում: Իշխանությունը բան չի անում, ուզում է փրկել քաղաքացիների կյանքը»,- ասաց նա:
Ապա նա դիմեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին և անդրադարձավ նրա այն հայտարարությանը, թե իշխող ուժի պատգամավորները երեկ այլ բան էին ասում, այսօր՝ այլ: «Երեկ ես չեմ եկել նիստին, որովհետև չեմ իմացել, որ արտահերթ նիստ է եղել, բայց սոցցանցերում տեսնում էի՝ ինչ է կատարվում, վախենում էի. ամբողջ կյանքս չեմ վախեցել, էսօր ասում էի՝ չգնամ ԱԺ կողմ քվեարկեմ, խայտառակ կլինեմ: Բայց այսօր իմ կարծիքն էլ է փոխվել, պարոն Աբովյան: Որովհետև հասկացել եմ՝ մենք անզոր ենք, այսօր աշխարհն է անզոր համաճաարակի դեմ պայքարելու համար, բայց նման քայլերով պետք է կարողանանք կանխել: Նախագծի շնորհիվ բոլորի համար հեշտ կլինի տարբեր դեզինֆորմացիաներից խուսափել, ինչն էլ շատ բաների օգուտ կտա: Եկեք այս ժամանակահատվածում Հռոմի պապ չդառնանք, ավելի կաթոլիկ չենք»,- եզրափակեց Միքայելյանը:










