Վրաստանում մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին

03:49 • 31.03.20

Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հրազենի գործադրությամբ խուլիգանական արարք կատարելու համար: Հաղորդվում է, որ խափանման միջոց դեռևս ընտրված չէ: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Մարտի 29-ին ՆԳՆ աշխատակիցների կողմից Ալախքալաքում ձերբակալվել էին 1954-ին ծնված Ս.Պ.-ն և 2001-ին ծնված Ա.Մ.-ն: Մեղադրյալներին այժմ 4-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Հաղորդվում է, որ հետաքննությունը հաստատել է, որ մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մեղադրյալները զենք են կիրառել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ախալքալաքում կրակոցներ են հնչել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր տեղի բնակիչ Ս․ Ա-ն և տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի տան կողմից՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող տարածքի ուղղությամբ:

Հարցին, թե կան տուժածնե՞ր, թե ոչ, Tert.am-ի զրուցակիցն ասել էր, որ այս պահին տեղեկություն չունի. «Մի քանի կրակոցներ են հնչել, այս պահին ամբողջ տարածքը փակ է, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, իսկ քաղաքացիների մուտքն արգելվել է: Տեղյակ ենք, որ դեպքի վայրում են և՛ Հենզել Մկոյանն ու նրա հարազատները, և՛ Սամվել Պետրոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, մարդիկ մի փոքր վախեցած են, բայց արդեն ամեն ինչ կարծես՝ անվտանգ է, տեղում են ոստիկանները նաև այլ շրջաններից»:

Tert.am-ի զանգերին Հենզել Մկոյանը չէր պատասխանել, իսկ Սամվել Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանող անձն ասել էր, որ Սամվել Պետրոսյանն այս պահին զբաղված է և չի կարող հարցերին պատասխանել: Կրակոցների վերաբերյալ, բացի միջադեպից զրուցակիցն այլ մանրամասներ չէր հայտնել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ: