Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է եղել հանրության 70 տոկոս քվեն ստանալու ընտրություններից հետո, որ ՀՀ քաղաքացիների և իշխանության միջև պատնեշ է ստեղծվել․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

23:05 • 31.03.20

Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է եղել հանրության 70 տոկոս քվեն ստանալու ընտրություններից հետո, որ ՀՀ քաղաքացիների և իշխանության միջև պատնեշ է ստեղծվել: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով ԱԺ-ում քննարկվող անձնական տվյալների ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագծի և ընդդիմության պահվածքի մասին:

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ պատգամավորը նշեց, որ խելամիտ չէ մտածել, որ կառավարությունն արտակարգ դրության ժամանակ պետք է գաղտնալսումներ անի: «Ինչի՞ համար գաղտնալսենք, եթե գաղտնալսումը ոչ միայն հանցագործություն է, այլ նաև այս պայմաններում՝ անբարոյականություն: Այն մարդիկ, որոնք այս օրերին սիստեմատիկ կերպով փորձում են այդ կասկածի որդը մտցնել մեր հանրության գիտակցության մեջ, սեփական իշխանության նկատմամբ»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ «Իմ քայլը» այնքան ժողովրդավար խմբակցություն է, որ Կառավարության և սեփական խմբակցության ավելի շատ նախագիծ է տապալել, քան այս ընդդիմությունը: «Ասում եք՝ այս մարդիկ ուզում են ձեզ գաղտնալսել, գաղտնալսեն, որ ի՞նչ անեն: Ասում են՝ ծածուկ նիստ եք անում, ծածուկ նիստը ուղիղ եթերո՞վ են անում: Ուղեղի ցնցում է մարդ ստանում, այ ձեր ցավը տանեմ: Դուք մտածում եք, որ մենք տխմար ենք, հա՞»,-ասաց նա: