ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր հեռախոսով հետևել քաղաքացիների տեղաշարժին (տեսանյութ)
14:50
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:
Վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կոչ անելով ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը, որպեսզի այն տապալվի, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը անհրաժեշտ թվերով քվե չունի:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց ընդդիմությանը կողմ քվեարկել, ինչին արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
«Դուք ունեք 88 մանդատ, բա էդ աշխատավարձ ստացողները ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել քվեարկության, որ ձեր օրենքը ընդունվի։ Այսինքն՝ ընդդիմության ձայներո՞վ եք ուզում օրենք ընդունվի, որին ընդդիմությունը դեմ է։ Բա աշխատավարձ եք ստանում, ինչի՞ չեք գալիս։ Կոչ կանեմ չշահարկել քվեարկությունն ու, ասել մեր հարգարժան նախագահի, «քֆուր» չդնել քվեարկության վրա։ Յուրաքանչյուր ուժ իր դիրքորոշումն ունի»,- ասաց Մարուքյանը։
Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր:
11:00
ԱԺ-ն շարունակում է երեկ մեկնարկած արտահերթ նիստը։ Օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը։
Արտահերթ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։










