Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան
Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև գտնում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է, որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և ընդհակառակը՝ վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդավարությանը և ազատություններին: Մենք դեմ ենք քվեարկելու:
Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի ավելացման հնարավորությանը՝ Մարուքյանը նշեց, որ ապրիլի 14-ից հետո այն կարող է երկարաձգվել կոնկրետ տարածքում, ամբողջ երկրով մեկ այլևս հնարավոր չէ երկարաձգել: «Ինչ վերաբերում է 7-օրյա կարանտինին, կարծում եմ՝ անհրաժեշտ է երկարաձգել»,- հավելեց նա:
Հարցին՝ բավարար և տեղին համարու՞մ է կորոնավիրուսի կանխարգելման համար Կառավարության և պարետատան աշխատանքները, Մարուքյանը պատասխանեց, թե ամենասկզբում շատ անլուրջ վերաբերմունք է եղել:
«Հիմա բավականին լուրջ վերաբերմունք կա, և լուրջ քայլեր են իրականացվում: Թե՛ արտակարգ դրության հայտարարումն էր ճիշտ, թե՛ կարանտինն էր ճիշտ: Ինչ վերաբերում է քաղաքացիներին տուգանելուն, ես կարծում եմ, որ ոստիկանները քաղաքացիներին պետք է հորդորեն տուն գնալ, ոչ թե միանգամից վարչական արձանագրություն կազմել: Տուգանքը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա՝ ընդգծելով, թե այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում քաղաքացիներին տուգանելը ճիշտ է:










