Եթե «կյանքեր փրկողներ» եք, ինչու ԱՀԿ-ի՝ պանդեմիայի մասին հայտարարությունից հետո շարունակեցիք քարոզարշավը. Մարուքյանը՝ անձնական տվյալների գաղտնիությանը միջամտող՝ ԱԺ ընդունած նախագծերի մասին (տեսանյութ)
Մի ժամ ամբիոնից ասում էին, թե մենք ձեզ չենք գաղտնալսելու, բայց երաշխիք չկա, որ այդ հավաքված ինֆորմացիաները չեն կարող այլ անձանց տրամադրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԺ-ի ընդունած անձնական տվյալների ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու որոշման և իշխանության պահվածքի մասին:
Մարուքյանը հիշեցրեց, Կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ առաջարկվում էր մի նախագիծ, որը հնարավորություն կտա վարակակիր մարդկանց հեռախոսի միջոցով տեղորոշել, թե վարակակիրը ուր է գնացել: Մարուքյանը նշեց, որ իրենք համաձայնել են նախագծին, եթե տեղորոշումը լիներ, օրինակ, թևնոցի միջոցով, քանի որ հեռախոսի միջոցով տեղորոշելը ենթադրում է մեծ ինֆորմացիաների ամբողջացում և հավաքում:
Նա նաև հիշեցրեց, որ այսօր նախագծի ընթերցման ժամանակ նրանք բոյկոտեցին, որոշումը չընդունվեց և իշխանությունը թաքուն քննարկում իրականացնելուց հետո կրկին նիստ գումարեց:
«Սկզբում իշնության անդամներն էլ համաձան չէին դրան, որովհետև առաջ էր գալիս գաղտնալսման հարցը, բայց այսօր բոլոր պատգամավորները հերքում էին գաղտնալսման հնարավոր լինելը: Լավ, եթե որոշել եք այդ ապօրինությունն ընդունել, ձեր խնդիրն է, բայց հարց ունեմ այդ «կյանքեր փրկողներին»,- ասաց նա և հիշեցրեց, որ նույնիսկ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքում իր խոսքով՝ «կյանքեր փրկողները» շարունակեցին իրենց քարոզարշավները:
«Ասում են՝ դուք չեկաք, դուք ձերոնցով հավաքվել էիք, քննարկում էիք, մենք գայինք ի՞նչ անեինք: Մի նիստին, որ ամբիոնից «թափթփուկներ» ասեն, էլ ինչ սպասես»,- դիտարկեց նա և լրացրեց, որ այս իրավիճակում Կառավարությունն ամեն գործողություն ուշացումներով է սկսել և, հիմնականում, որոշումների մասին առաջինն ընդդիմադիրներն են խոսել, և ճիշտ չէ այսօր ասել, որ ընդդիմադիրների պահվածքը և դիրքորոշումը կյանքեր կարող են վնասել:
Պատգամավորը հիշեցրեց, որ վարկերի, կոմունալների, տան վարձերի մասով ներողամտության տեսակետերը նրանք են հայտնել, սակայն կառավարությունը կամ լռում է, կամ ոչ համաչափ որոշում կայացնում՝ ասելով, որ այո, կօգնենք, բայց եթե գրանցված եք:«Այսօր բազմաթիվ շերտեր հարվածի տակ են, բայց Կառավարության ու «Իմ քայլ»-ի անդամներով են քննարկում, որովհետև միայն իրենք գիտեն կյանքեր փրկելու ձևը»:
«Շատ մարդիկ ասում են՝ բա թալանված երկիր է, ինչպես անենք, ասեմ, որ ժողովուրդ ջան, այն ինչ մենք առաջարկում ենք, առաջարկում ենք եղած ռեսուրսների պայմաններում»,- ասաց նա և հավելեց, որ Կառավարությունը կարող է փաթեթներն այնպես կարգավորել, որպեսզի իսկապես օգնեն, որի մեջ, սակայն, իր խոսքով՝ չի մտնում քաղաքացիների տեղաշարժը հսկելու հարցը:
«Դուք խանութների գները հսկեք, դուք մարդկանց թոքերը լսեք, մարդկանց տեղաշարժը հետևելու փոխարեն, այս ամենն ափալ-թափալ աշխատելու պատճառն է և դուք այդպես եք աշխատում, որպեսզի ցույց տաք, որ ինչ-որ բան եք անում»,- շեշտեց պատգամավորը և հիշեցրեց, որ արտակարգ դրության ընթացքում սա միակ որոշումն էր, որին դեմ են քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:










