«Սոցիալական հեռավորության պահպանումը կարող է 1 մլն կյանք փրկել». Թրամփ

10:58 • 31.03.20

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին սոցիալական հեռավորության պահպանումը կարող է մինչև մեկ միլիոն ամերիկացու կյանք փրկել: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Sun-ը:

«Մենք կարող ենք մեկ միլիոն ամերիկացու կյանք փրկել, եթե հետևենք սոցիալական հեռավորության պահպանման կանոններին»,-ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ «սա պատերազմ է, որում յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի»:

«Յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիք և բիզնես կարող է դերակատարում ունենալ վարակի տարածումը կանխելու գործում: Սա մեր ընդհանուր հայրենասիրական պարտքն է»,-ասել է Թրամփը:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում օրական կորոնավիրուսի ավելի քան 100 000 թեստավորում է անցկացվում: Ըստ նրա՝ սա աշխարհում աննախադեպ ցուցանիշ է:

ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, որից 3008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5764 մարդ:

ԱՄՆ-ն վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 165 607 մարդ։