Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի․ վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, բուժաշխատողներ․ «ՌԻԱ Նովոստի»

11:37 • 01.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, գրում է ria.ru-ն։

«Կորոնավիրուսի հաստատված դեպքերը 115-ն են, որոնցից ապաքինվել է 22-ը, կարանտինի ռեժիմում գտնվում է 5106 մարդ, հսկողության տակ՝ 294-ը»,– հաղորդվում է կայքում:

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի և բուժանձնակազմի աշխատակիցներ։

Երեքշաբթի առողջապահության նախարարությունը հայտնել էր վարակի 110 դեպքի մասին։

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով, իսկ երկուշաբթի համընդհանուր կարանտին և պարետային ժամ են սահմանել։ Արգելքները սահմանվել են հասարակական տրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի երթևեկության համար, մարդատար ավտոմեքենայում ուղևորների թիվը սահմանափակված է մինչև երեքի, 70-ից բարձր մարդկանց չի կարելի տնից դուրս գալ, եթե նրանք չեն գնում մոտակա մթերային խանութ կամ դեղատուն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: