«Ժողովրդի աջակցության շնորհիվ իշխանությունները հաջողության են հասնում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում». Ռոհանի. «Մեհր»

12:11 • 01.04.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ասել է, որ կառավարությունը վարակի տարածման դեմ պայքարում հաջողությունների է հասնում ժողովրդի աջակցության շնորհիվ, հաղորդում է «Մեհր» գործակալությունը։

Ռոհանիի համոզմամբ՝ ժողովրդի և կառավարության համագործակցությունը վարակի դեմ պայքարում գրանցած հաջողության գլխավոր գործոնն է:

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկիրը կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ երկրում  գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 2757 դեպք, կա վարակման 41 495 հաստատված դեպք, ապաքինվել է 13 911 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: