Բոլսոնարուն կորոնավիրուսը որակել է «մեր սերնդի գլխավոր մարտահրավեր»՝ կոչ անելով իշխանության տարբեր ոլորտներին միավորվել համավարակին դիմակայելու համար․ Gazeta de Povo

14:41 • 01.04.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, նոր կորոնավիրուսը որակել է «մեր սերնդի գլխավոր մարտահրավեր» և կոչ է արել իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին միավորվել համավարակին դիմակայելու համար, հաղորդում է Gazeta de Povo-ն:

Ինչպես նշում է հրատարակությունը, երեքշաբթի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող խոսքում Բոլսոնարուն մեղմել է COVID-19-ի դեմ պայքարի իր տոնը և սոցիալական մեկուսացման մասին նրա խոսքերը պակաս ագրեսիվ են հնչել:

Խոսելով տնտեսական ոլորտի մասին՝ Բոլսոնարուն հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պահպանի աշխատատեղերն ու եկամուտները։ 

«Բրազիլիան այս 15 ամիսների ընթացքում շատ բաների միջով է անցել։ Բայց այժմ մենք հանդիպել ենք մեր սերնդի մեծագույն մարտահրավերին։ Իմ մտահոգությունը միշտ եղել է ինչպես կորոնավիրուսի համավարակի, այնպես էլ բռնության, սովի և անաշխատունակության հետևանքով մարդկային կյանքերի փրկությունը»,- հայտնել է Բրազիլիայի նախագահը։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։

«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։

Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերի, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն էին արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով։