«Վարկս Էյ Էմ»-ից զանգահարում են ինձ, պահանջում գումարը, ԴԱՀԿ-ով վախեցնում են, որ ես ամբողջ գումարը երկու ամսում բերեմ, փակեմ. քաղաքացի
ՀՀ քաղաքացիներից մեկը Tert.am-ին ահազանգել է, որ Varks.am-ի լուծարման հետևանքով խնդիրներ է առաջացել և հիմա դժվարություններ ունի իր վարկը մարելու առումով: «Իմ վարկային պատմությունը շատ իդեալական է, ես կանոնները միշտ պահել եմ: Ես պայմանագրային զինծառայող եմ, իմ աշխատավարձը 125 հազար դրամ է, բայց ես ունեի 335 հազար դրամ վարկ: Varks.am-ից զանգահարում են ինձ, պահանջում են գումարը, ԴԱՀԿ-ով վախեցնում են, որ ես այդ ամբողջ գումարը երկու ամսում բերեմ, փակեմ: Եթե ես իմ ամբողջ աշխատավարձն էլ տամ, էլի դուրս է գալիս, որ չի փակվում, էլի պարտք եմ մնում, և դա իմ միակ եկամուտի աղբյուրն է ընտանիքս պահելու համար»,-ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ խնդրել է, որ 8-9 ամսվա գրաֆիկ կազմեն, որ քաղաքացիներն այդ ընթացքում գումարները մարեն, սակայն իրեն չեն ընդառաջել և հիմա կոչ է անում, որ գուցե կառավարությունը հորդորի նման կերպ վարվեն:
«Հիմա ես ինչ պետք է անեմ, ստիպված գողություն անե՞մ, թե՞ աշխատանքից հետո տաքսի վարեմ՝ դրանով էլ վտանգեմ իմ ու իմ ընտանիքի առողջությունը, դա՞ է կարևոր, թե՞ այդ 325 հազար դրամը»,-ասաց նա:
Քաղաքացին պարզաբանեց, որ իր վարկային պայմանագիրը լրանում է ապրիլի 3-ին, և եթե չլուծարվեր, հնարավորություն ուներ, օրինակ, 30 օր հետաձգելու համար 50 հազար դրամ վճարել:
Նա նշեց, որ կառավարության ծրագրերից ոչ մեկն իրեն չի վերաբերում, քանի որ իրենք իրենց բնականոն հունով աշխատում են՝ կանոնները պահելով: Նա ասաց, որ նախկինում կարողանում էր աշխատանքից հետո տաքսի վարել, իսկ հիմա չի կարող վտանգել առողջությունը:










