Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան արձանագրել են 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները. The Guardian
Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ու Մեծ Բրիտանիան արձանագրել են մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշները, գրում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած 24 ժամում Մեծ Բրիտանիայում մահացության մակարդակն աճել է 27%-ով. երկրում մեկ օրում վարակից մահացել է 381 մարդ:
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այնտեղ մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել 837 մարդ: Ֆրանսիայում զոհերի թիվը 499 է, իսկ Իսպանիայում` 849:
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ներկայում աշխարհում կա 859 796 վարակակիր, գրանցվել է 42 332 մահ:
Վարակակիրների քանակով ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ՝ 189 510 դեպք: Այնուհետև հաջորդում են Իտալիան (105 792), Իսպանիան (95 923), Չինաստանը (82 294), Գերմանիան (71,808), Ֆրանսիան (52 836), Իրանը (44 605), Մեծ Բրիտանիան (25 481), Շվեյցարիան (16 605) և Թուրքիան (13 531):
Ինչ վերաբերում է մահացության մակարդակին, ապա այն առավել բարձր է հետևյալ երկրներում՝ Իտալիա՝ 12 428, Իսպանիա՝ 8464, ԱՄՆ՝ 4079, Ֆրանսիա՝ 3523, Չինաստան՝ 3310, Իրան՝ 2898, Մեծ Բրիտանիա՝ 1789, Նիդեռլանդներ՝ 1039, Գերմանիա՝ 775, Բելգիա՝ 705 դեպք:
Մինչդեռ ապաքինվածների թիվը 178 301 է:










