Իրանը «վտանգավոր» է անվանել ամերիկացի զինծառայողների ներկայիս ակտիվությունն Իրաքում

12:51 • 01.04.20

Թեհրանը վտանգավոր է համարում Իրաքում ամերիկացի զինծառայողների ներկայիս տեղաշարժն ու ակտիվությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիին:

«Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու միջազգային հանրությունն ընդգծել են կորոնավիրուսի տարածման ժամանակ լարվածություն առաջացնող ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, նման ակտիվությունը շարունակվում է ի հակասություն Իրաքի խորհրդարանի ու կառավարության պահանջների և ժողովրդի ձգտումների՝ սրելով լարվածությունը, ինչը կարող է բերել տարածաշրջանային ապակայունացման»,-ասված է Մուսավիի հայտարարությունում:

Մարտի 29-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է, որ ուժերի վերաբաշխման շրջանակներում դուրս է գալիս իրաքյան Կիրկուկ քաղաքի շրջանում գտնվող K-1 ավիաբազայից և այն թողնում է իրաքցի զինվորականներին, իսկ մարտի 27-ին կոալիցիան իրաքցի զինվորականներին էր փոխանցել Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում գտնվող «Կայարա» ավիաբազայի ղեկավարությունը, որում մինչ այդ գտնվում էին ամերիկացի զինծառայողներ: Մինչ այդ էլ մարտին իրաքցի զինվորականներին էր փոխանցվել Սիրիայի հետ սահմանամերձ գոտում գտնվող «Ալ-Քայիմ» ռազմաբազայի ղեկավարությունը:

Կոալիցիայի ներկայացուցիչները նշել են, որ Իրաքի կառավարության և գործընկերների հետ համագործակցության որոշումների շրջանակում 2020 թվականի ընթացքում վերաբաշխվելու և համախմբվելու են իրաքյան մի քանի բազաներում գտնվող զինծառայողներն ու ռազմական տեխնիկան: Իրաքի տարածքում կոալիցիայի ուժերի տեղակայման կետերը կրճատվելու են: Միևնույն ժամանակ կոալիցիան շարունակելու է մնալ Իրաքում երկրի կառավարության հրավերով և շարունակելու է խորհրդակցություններ և ռազմական ուսուցումներ անցկացնել տեղի անվտանգության ուժերի համար: