Նյու Յորքում տրանսպորտային ցանցի ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի պատճառով նվազել է 90%-ով

11:36 • 01.04.20

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում Նյու Յորքում տրանսպորտային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազել է 90 տոկոսով, հայտնում է msnbc.com կայքը՝ հղում տալով Metropolitan Transportation Authority (MTA)  տրանսպորտային ընկերության ղեկավար Փեթ Ֆոյի հայտարարությանը։

«Համաճարակի սկզբի համեմատությամբ այժմ տրանսպորտային ծանրաբեռնվածությունը նվազել է 90 տոկոսով։ Սա լավ է, նշանակում է, որ մարդիկ ականջալուր են նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հորդորներին, որոնք ուղղված են հասարակական վայրերում մարդկանց խտության նվազմանը և սոցիալական հեռավորությունը պահելուն»,- հայտարարել է Ֆոյը։

Նա նաև նշել է, որ մնացած տասը տոկոսն առաջին օգնության աշխատանքներ կատարողներն ու կենսական անհրաժեշտության ճյուղերի աշխատակիցներն են։

Վերջին տեղեկությունների համաձայան՝ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան 75 795-ի, որից 43 139-ը՝ Նյու Յորք քաղաքում։ Նահանգում հիվանդությունից մահացել է առնվազն է 1550 հոգի։  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: