ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 6-շաբաթական երեխա է մահացել՝ դառնալով աշխարհում այս հիվանդության ամենաերիտասարդ զոհը․ Daily Mail

12:15 • 02.04.20

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է վեցշաբաթական երեխա՝ դառնալով աշխարհում այս հիվանդության ամենաերիտասարդ զոհը, գրում է Daily Mail-ը։

Ըստ հաղորդման՝ նորածինն անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել անցյալ շաբաթ և այդպես էլ գիտակցության չի եկել: Նրա մահվան մասին հայտարարել է Կոնեկտիկուտի նահանգապետ Նեդ Լամոնտը։

Լամոնտի խոսքով՝ երեխան այս հիվանդության ամենաերիտասարդ զոհն է։

«Մեծ ցավով այսօր տեղեկացնում ենք COVID-19-ի հետևանքով Կոնեկտիկուտում մանկական մահացության առաջին դեպքի մասին»,- հայտնել է նա։

«Կորոնավիրուսի թեստի պատասխանն անցյալ գիշեր հաստատել է, որ երեխան վարակված է եղել COVID-19-ով։ Այս վիրուսն առանց որևէ մեկին խնայելու հարձակվում է ամենախոցելի մարդկանց վրա»,- հավելել է նա՝ նահանգի բնակիչներին կոչ անելով մնալ տանը և սահմանափակել այլ մարդկանց հետ շփումը։

«Դրանից բառացիորեն կարող է կախված լինել ձեր և ձեր դիմացինի կյանքը»,-գրել է նա։

Աղբյուրը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք երեխան ունեցել է շնչառական խնդիրներ կամ հարակից հիվանդություններ:

Համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի զոհ է դարձել 5112 մարդ, արձանագրվել է վարակման 215 344 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։