Ադրբեջանում չեն բացառել կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության սահմանումը․ «ՌԻԱ Նովոստի»
Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման դեպքում չի բացառել երկրում արտակարգ դրություն մտցնելու հավանականությունը, գրում է ria.ru-ն։
«Արդեն նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացում։ Վարակման արագությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ապաքինվածների թիվը ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 26 մարդ։ Այդ տարբերության ավելացումը վատ միտում է։ Եթե այս միտումը շարունակվի, իրավիճակը կխորանա, չի բացառվում արտակարգ դրության հայտարարումը։ Կառավարությունն ունի բոլոր ծրագրերը։ Ցանկալի է, որ դրա կարիքը չզգացվի»,-ասել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը։
Ադրբեջանում COVID-19-ի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 400-ի, նախօրեին գրանցվել է 41 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։










