Քյարամիս երազանքը տունը նորոգելն ու նորից Մարտակերտ ծառայության գնալն էր. Քյարամ Սլոյանի մայր

15:57 • 02.04.20

Այդպես էլ չհասկացանք, թե ինչն էր Քյարամին այդպես դեպի սահմանը ձգում, միշտ ուզում էր գնալ Մարտակերտ: Այսօր Tert.am-ի հետ զրույցում պատմեց  2016թ.՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը:

«Տղաս շատ երազանքներ ուներ, փորձում ենք իրականացնել, բայց դժվար է: Թոռանս՝ մեծ տղայիս որդու և միջնեկ տեգրոջս որդու անունը Քյարամ ենք դրել, բայց տեղը լրացնել չի լինի: Քյարամս միշտ ասում էր՝ վերջացնեմ, գամ, տունը նորոգեմ ու նորից Ղարաբաղ եմ գնալու՝ Մարտակերտ ծառայելու»,- ասաց նա:

Մայրը նշեց, որ հարազատներից և նույնիսկ անծանոթներից աջակցություններ ստացել են, բայց Կառավարության կողմից՝ ոչ, չեն էլ փորձում հետաքրքրվել:  Տիկին Նվարդի խոսքով՝ դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ տղայի կարոտը մեղմացնել չի լինի:

«Իր հետ կապված ամեն ինչը կարոտել ու հիշում եմ. իր քայլվածքը, իր գործը, իր խելացիությունը՝ ամեն ինչը: Ընկերուհի ուներ, բայց գաղտնի էր պահում, չէր էլ խոսում այդ մասին, չի խոսել ամուսնության մասին, ասում էր՝ մինչև տունը չսարքեմ ոչ մի բան չեմ անի»,- պատմեց մայրը:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:

Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։