Կոնգոյի Հանրապետությունում կայծակից հետո հոսանքահարման հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել

12:03 • 02.04.20

Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի արվարձաններից մեկում կայծակի հարվածից բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր են պոկվել, ինչի հետևանքով հոսանքահարումից առնվազն 20 մարդ է մահացել:

Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում անելով Կոնգոյի Հանրապետության քաղաքացիական անվտանգության ծառայության աղբյուրներին:

Առավոտյան 05:00-ի սահմաններում Բրազավիլում սկսված հորդառատ անձրևի ժամանակ առաջացած կայծակը կտրել է Energie electrique du Congo ընկերությանը պատկանող բարձր լարման էլեկտրալարերը:

Ականատեսները պատմել են, որ զոհերի մի մասը հոսանքահարվել է՝ գտնվելով տներում, մյուս մասը` փողոցում: Տուժածները հոսպիտալացվել են, զոհերի թիվը կարող է աճել: