Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը` հղում անելով հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային:
«Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան:
Նա տեղեկացրել է նաև, որ ծանր վիճակում գտնվող 5 վարակակիրներից 3-ի վիճակը կայունացել է:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










