«Անընդհատ ասում են՝ հայերը կարող են գալ Հայաստան, ո՞ւր է իրենց խոստումը»․ մի խումբ հայեր չեն կարողանում Մոսկվայից վերադառնալ ՀՀ

18:15 • 02.04.20

Մի խումբ հայեր տևական ժամանակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են, նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

«Տոմսերն առած էր, կեսինը հետ են տվել, թռիչք չկա։ Ժողովրդի մոտ ոչ փող կա, ոչ էլ ուտելու բան։ Ի՞նչ անենք, որ մեր Կառավարությունն օգնի։ Դեսպանատունը ոչնչից տեղյակ չէ, Երևան էլ ուր զանգում ենք, որ անձնակազմին, ղեկավարներին զանգում ենք, բանի տեղ չեն դնում։ Անընդհատ ասում են՝ հայերը կարող են գալ Հայաստան, ո՞ւր է իրենց խոստումը, ժողովուրդն ինչքա՞ն էստեղ պետք է սոված, ծարավ նստի»,- ասաց իրավիճակը տեսանյութով ներկայացնող քաղաքացիներից մեկը։





Ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների վերաբերյալ Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ արտգործանախարարությունից, սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը չտասախանեց զանգերին։

Հիշեցնենք, որ մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենիք վերադարձող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար:

Սակայն Ռուսաստանի և Վրաստանի հետ վարած բանակցությունների արդյունքում հնարավոր էր եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել էր 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով։

Տեղափոխությունը կատարվել էր բացառության կարգով, ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար: