Պերուի նախագահը կանանց և տղամարդկանց՝ տնից դուրս գալու համար առանձին օրեր է սահմանել
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան հինգշաբթի հայտարարել է նոր սահմանափակումների մասին, որոնք սահմանվում են երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նախագահի որոշմամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին փողոց կարող են դուրս գալ միայն տղամարդիկ: Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին փողոց դուրս գալ կթույլատրվի միայն կանանց: Իսկ կիրակի օրերին արգելքը կտարածվի բոլորի վրա: Այս կանոնները կգործեն մինչև ապրիլի 12-ը:
Վիսկարան պարզաբանել է, որ այդ սահմանափակումները վերաբերում են միայն նրանց, ովքեր դուրս են գալու տնից մթերային խանութ այցելելու կամ այլ անհապաղ հարց լուծելու համար: Արգելքը չի տարածվի կենսական նշանակության հիմնարկներում աշխատողների վրա, որոնք արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրենց գործունեությունը:
Պերուում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1414-ի, որոնցից 47-ը՝ մահվան ելքով:










