Թրամփը հայտարարել է Արևմտյան կիսագնդում զանգվածային հակաթմրանյութային գործողության մեկնարկի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը Արևմտյան կիսագնդում մեկնարկում է զանգվածային հակաթմրանյութային գործողություն, որպեսզի նարկոկարտելներին հնարավորություն չտրվի օգտվել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակից: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
«Այսօր Միացյալ Նահանգները Արևմտյան կիսագնդում սկսում է հակաթմրանյութային գործողություն, որպեսզի ամերիկացիներին պաշտպանի անօրինական թմրանյութերի մահացու վարակից»,- RT-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփի խոսքով՝ նարկոկարտելներին չպետք է հնարավորություն տրվի ստեղծված իրավիճակն ի վնաս ԱՄՆ բնակիչների օգտագործել:
«Հարավային հրամանատարությունը 22 երկրների հետ համագործակցությամբ կընդլայնի հետախուզական, հայտնաբերման և թմրանյութերն առգրավելու գործողությունները»,- հայտնել է նա:
Հակաթմրանյութային գործողության իրագործման համար կհատկացվեն նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ:










