Մեռած կյանք է. հիմա մի նպատակ ունեմ՝ Արմենակի անունով տուն-թանգարան կառուցեմ. Արմենակ Ուրֆանյանի մայր
Արմենակի երզանքները չեմ կարողանում իրականացնել, ուժերիցս վեր է, կյանքը կանգ է առել մեր տանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը՝ խոսելով որդու չիրականացած երազանքների մասին:
«Արմենակի երազանքն այն էր, որ ամուսնանար, երեխաներ ունենար: Գերդաստանում դեռ նոր երեխա չի ծնվել, որ Արմենակի ունունով կոչենք, բայց մարդիկ կան, որոնք անծանոթ լինելով՝ իրենց երեխաներին տղայիս անունով են կոչել»,- ասաց մայրը:
Քառօրյա պատերազմի հերոսի մայրը նշեց, որ հերոսի ընտանիք կոչվածն իր համար այդքան էլ էական չէ, քանի որ գերնպատատակը տղային իրենց կողքին տեսնել էր՝ իր ընտանքի ու երեխաների վազվզոցի հետ միասին:
«Մեռած կյանք է: Աջակցություններ էլ բացարձակ չկան, չենք էլ ակնկալում: Հիմա մի նպատակ ունեմ, որ Արմենակի անունով տուն-թանգարան կառուցեմ, բայց հիմնադրամին, որ հիմնեցի, ոչ մի աջակցություն չեղավ, որ կարողանամ պլաններ կազմել»,- նշեց Համեստ Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:
Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։










