Բջջային օպերատորները նշում են՝ սարքի ճշտգրիտ տեղը որոշել հնարավոր չէ՝ շեղումը 20-100 մետր է, կառավարությունն ինչի բերեց այս օրենքը, եթե գաղափարի իրագործումն անհնար է. ԼՀԿ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցում է ուղարկել ՀՀ-ում գործող 3 բջջային օպերատորներին՝ ցանկանալով ճշտել՝ արդյոք բջջայինի կամ սմարթֆոնի միջոցով հնարավոր է որոշել, թե որ, օրինակ՝ 15 հարկանի շենքի որ հարկում է գտնվում սարքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ընդունել էր կառավարության ներկայացրած նախագիծը՝ բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների տեղաշարժին հետևելու վերաբերյալ:
Խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջին անգամ չէին մասնակցել քվեարկությանը՝ տապալելով դրա ընդունումը, իսկ երկրորդ արտահերթ նիստին պարզապես չէին մասնակցել:
«Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում»,-գրել է Արմեն Եղիազարյանը:
Նա նշել է, որ ընկերությունների պատասխաններից հստակ երևում է՝չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։
«Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։ Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագերծել»,-գրել է նա։













