Մարտի 24-ից ԱԱՏՄ-ն 257 կազմակերպությունում անցկացրել է մշտադիտարկում, 38-ում հայտնաբերել են խախտումներ, որոնց գործունեությունը 6 ժամով դադարեցվել է

17:54 • 03.04.20

Պարետի ցուցմամբ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսեց մշտադիտարկումներ անցկացնել այն կազմակերպություններում, որտեղ գործունեությունն արտակարգ ռեժիմի ժամանակահատվածում թույլատրված էր այն պայմանով, որ պետք է պահպանվեն պարետի կողմից հաստատված ուղեցույցով նշված կանոները. այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Մարտի 24-ից մինչև այսօրվա ամփոփումը 257 կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկումներ և հայտնաբերված խախտումները ներկայացվել են պարետին: Ըստ այդմ էլ որոշվել են՝ այդ տնտեսվարող կազմակերպությունների գործունեությունը դադարեցնել 6 ժամով, որից հետո ևս մեկ անգամ անցացվում է մշտադիտարկում՝ պարզելու արդյո՞ք շտկվել են դադարեցման պատճառ դարձած խախտումները: 257 կազմակերպություններում՝ այդ թվում մասնաճյուղերում իրականցված մշտադիտարկման արդյուքնում 38 կազմակերպություններում՝ ներառյալ մասնաճյուղերում 6 ժամով դադարեցվել է գործունեությունը»,- ասաց նա:

Հակոբ Ավագյանը նաև հայտնեց, որ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը՝ մշտադիտարկումներ են անցկացվել տվյալ տրանսպորտային կազմակերպություններում՝ պարզելու մինչև երթուղի դուրս գալը՝ արդյո՞ք իրականցվում է ախտահանում: «Նման 64 կազմակերպությունում անցկացվել է մշտադիտարկում, որոնցից երկուսում արձանագրվել էր խախտում և տրված նախազգուշական նամակից հետո՝ հաջորդ իսկ երթից, կարգի է բերվել»,- շեշտեց նա:

Ըստ Հակոբ Ավագյանի՝ այս պահին, որպես տուժանքի միջոց ընտրված է 6 ժամով գործունեության դադարեցումը: «Մեր մոտեցումն այն չէ, որ անպայման տուգանվի այդ կազմակերպությունը, մեզ համար կարևոր է, որ պահպանվեն ուղեցույցով նշված կանոները: Մասնավորապես, աշխատողները, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդի հետ, պետք է ապահովված լինեն դիմակներով, կարևոր է, որ երկու անգամ աշխատողներին ջերմաչափում իրականացվի, նաև պետք է խիստ պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները: Այս հիմնական երեք խախտումների դեպքում՝ միանգամից առաջարկ է ներկայացվում պարետատուն, որ դադարեցվի գործունեությունը և կարգի բերեն այդ կետերը»,- ասաց նա: