Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք. «ՌԻԱ Նովոստի»

14:49 • 03.04.20

Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք, որից 43-ի մասին հայտնի է դարձել վերջին մեկ օրվա ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

«Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք։ Հատուկ ռեժիմով հիվանդանոցներ տեղափոխված յոթ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, 13-ինը՝ միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է։ Մինչ այսօր երկրում վարակվել է 443 մարդ, որից 32-ն ապաքինվել են, մահացել է 5 հոգի, իսկ 406-ը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում են ստանում»,-ասվում է օպերատիվ շտաբի տարածած հայտարարության մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 030 199 դեպք, 54 198-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 219 837մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: