Չինաստանի՝ Ուհան քաղաքը փակելու որոշումը ավելի քան 77% -ով կրճատել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը․ South China Morning Post

23:47 • 03.04.20

Չինաստանի՝ Ուհան քաղաքը փակելու արմատական որոշումը, միջազգային գիտնականների խմբի իրականացրած հետազոտության համաձայն, կրճատել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելի քան 77% -ով, գրում է South China Morning Post-ը։

Ըստ հետազոտության՝ այդ սահմանափակումները նույնպես կտրուկ կրճատել են ներքին վարակների թիվը։

Հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Science ամսագրում, որոնցում դիտարկվել են Ուհանում կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերումից հետո մտցված ուղևորությունների արգելքի և այլ արտակարգ միջոցառումների արդյունքները:

«Մենք կարծում ենք, որ փետրվարի սկզբին դեպի Ուհան ուղևորությունների արգելքի շնորհիվ 77 տոկոսով կրճատվել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը»,- ասված է հետազոտողների խմբի հաղորդագրության մեջ։

Հետազոտողները նաև ընդգծել են այն երկրների կողմից վարակի փոխանցման կանխմանը ուղղված միջոցառումների կարևորությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 040 499 դեպք, 55 185-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 222 240 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: