Մենք շարունակում ենք աշխատել օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտի ուղղությամբ․ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» ներկայացուցիչ

19:52 • 03.04.20

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ժամանակավորապես դադարեցրել է ուսումնասիրել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտը։

Կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ ընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրել էր հայտը, ՔԱԿ-ը ուսումնասիրել էր փաստաթղթերը և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությանը:

«Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար»,- ասվում է կոմիտեի հայտարարությունում։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության մարկեթինգի բաժնի ղեկավար Կարեն Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում որևէ նորություն չկար։ Նա հիշեցրեց, որ նույնը տեքստը փետրվարի 25-ին կայացած ասուլիսում ասել էր նաև կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, իսկ ընկերություն պաշտոնական գրությունը ստացել էր ավելի վաղ՝ 2 ամիս առաջ։ 2 ամիս անց նույն հայտարարությունը կրկնելը, Կարեն Ծատուրյանը, անհասկանալի է համարում։

«Կոմիտեի գրավոր դիմումից հետո մենք սկսել ենք ամբողջական փաստաթղթային փաթեթի վրա աշխատել։ Մենք հիմա էլ ենք այդ պրոցեսի մեջ, որը ինչ-որ պահից դանդաղեց՝ կապված կորոնավիրուսի հետևանքով ստեղծվախ իրավիճակի հետ։ Խնդիրը հիմնականում վերաբերում է տեխնիկական հատվածին։ Ի տարբերություն որոշ ավիաընկերությունների, մենք նաև ձեռք ենք բերում օդանավեր, իսկ դրա ձեռքբերումը կապված է մի շարք տեխնիկական խնդիրների հետ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը, Կարեն Ծատուրյանի խոսքով՝ կանոնավոր չվերթներ է իրականացնելու։ Այս հանգամանքը շահագործողի վկայական ստանալու հայտի ավելի մեծ փաթեթ է ենթադրում՝ ի տարբերություն բյուջետային և այլ ավիաընկերությունների։

«Կանոնավոր ընկերությունն ունի մի քանի անգամ ավելի ծավալուն փաթեթի կետայնություն։ Պայմանական ասած, եթե բյուջետային ավիաընկերությունների փաթեթը բաղկացած է 30 կետից, կանոնավոր չվերթներ իրականացնող ընկերության փաթեթը 200 կետից է։ Եթե, այսպես ասած, կանոնավոր ավիաընկերություն ես, պարտադիր պետք է այդ պայմանները կատարես»,- ասաց նա։
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության մարկեթինգի բաժնի ղեկավարը բացառում է, որ ՕՇՎ ստանալու հայտում որոշ կետերի բացակայությունից բացի այլ խնդիր կարող է լինել ընկերության և Քաղավիացիայի հարաբերություններում։

Նախորդ տարեվերջին Ազգային ժողովում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հղում անելով «Fly Armenia Airways»-ի ներկայացուցիչներին, հայտարարել էր, որ նոր փոխադրողը պատրաստվում է չվերթներ իրականացնել 13 ուղղություններով, շաբաթական լինելու է 41 չվերթ, որոնցով կարող է տեղափոխվել 388 հազար ուղևոր, միաժամանակ բացվելու է ավելի քան 200 աշխատատեղ:

«Կորոնավիրուսային իրավիճակի թելադրանքով այժմ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ընկերությունները վերանայում են իրենց չվացուցակները և տեխնիկական կանոնները»,- նշեց Կարեն Ծատուրյանը։