Մադրիդում կորոնավիրուսի զոհերի համար երրորդ ժամանակավոր դիահերձարանը կարող է բացվել

17:38 • 03.04.20

Մադրիդի ինքնավար համայնքում կորոնավիրուսի զոհերի համար մոտ ապագայում կարող է երրորդ ժամանակավոր դիահերձարանը բացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով իշխանությունների հայտարարություններին։

Ենթադրվում է, որ այն կտեղակայվի Մախադաոնդա քաղաքում գտնվող փակ սահադաշտում։ 1800 քառակուսի մետր տարածքով սահադաշտը տեղի հիվանդանոցներից մեկի դիմաց է գտնվում։

«Իշխանություններն արդեն մի քանի օր դիտարկում են այս հնարավորությունը և հիվանդանոցների ծանրաբեռնվածութոյունը նվազեցնելու համար դրա տարողունակությունն են գնահատում»,- հայտարարել է Մախադաոնդայի քաղաքապետ Խոսե Լուիս Ալվարես Ուստարոսը։

«Մենք արտակարգ իրավիճակի ենք բախվել, իսկ մեծ չափերով այս կառույցը կարող է հրաշալի կերպով հարմարեցվել։ Այսօր ժամանակն է, որ մեր առաջնահերթությունը թաղման ծառայությունների ծանրաբեռնվածությունը նվազեցնելը լինի։ Իսկ ամենակարևորը ընտանիքների ցավը մեղմելն ու տարածքային հիվանդանոցներում իրավիճակը թեթևացնելն է»,- հավելել է նա։

Ավելի վաղ Մադրիդի իշխանությունները ստիպված են եղել թաղման բյուրոների ռեսուրսների բացակայության հետևանքով մայրաքաղաքում Սառցե պալատը և Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի համար կառուցված, սակայն չօգտագործված շենքը որպես դիահերձարան օգտագործել։

Մադրիդի համայնքում համաճարակի սկզբից բացահայտվել է COVID-19-ով վարակման 34 000 դեպք, որից 4 500-ը՝  մահվան ելքով։