Վանաձորը՝ արտակարգ դրության օրերին (լուսանկարներ)

19:01 • 03.04.20

Ինչպես հայտնի է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքքարի շրջանակներում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ ահա մարտի 24-ից pարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մեկշաբաթյա խստացված ռեժիմ սահմանվեց, որով սահմանափակվում էր մարդկանց տեղաշարժը․ մարդիկ տնից դուրս գալիս պետք է ներկայացնեն ձևաթուղթ և անձնագիր: Սակայն կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ ՀՀ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից խստացված ռեժիմը ևս 10 օրով երկարացվեց:

Պարետի որոշմամբ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները հսկողություն են իրականացնում, որպեսզի մարդիկ պահպանեն արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումները: Մասնավարապես արտակարգ իրավիճակով պայմանավորված մարդիկ չպետք է մի վայրում 20 հոգուց ավել խմբով հավաքված լինեն, հետագա խստացումներով մեկ մեքենայի մեջ չպետք է երկուսից ավել մարդ լինի, եթե ընտանիքի անդամներ չեն և այլն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով էլ թոշակները թոշակառուներին պետք է վճարվեն տներում:

Երեկ Վանաձորում արտակարգ դրության պայմաններում մարդկանց կուտակումներ են եղել, որի լուսանկարները տարածվեցին սոցիալական ցանցերում: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ստեղծված իրավիճակով պայմանավորված պարզաբանում էր տվել, որ Վանաձորում երեկ շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է եղել:

«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (պետական, համայնքային, մասնավոր) խնդրում եմ ՝ մտածենք ինչպես անել, որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները: Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է, որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր քաղաքապետը:

Վանաձորում մարդկանց կուտակումների լուսանկարները՝ ստորև: